Նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններով ամեն ինչ արվում է, որ հայ ժողովուրդը զրկվի իր ապագա իրավունքները պահանջելու եւ իրացնելու բոլոր հնարավորություններից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Իսկ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ որոշ քաղաքական ուժեր (նկատի ունենալով Դաշնակցությանը) տարբեր հայտարարություններով փորձում են նսեմացնել նախաստորագրված արձանագրությունները։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախաստորագրված արձանագրություններում ինքնորոշման սկզբունքը չկա, եւ դրա փոխարեն տարածքային ամբողջականության սկզբունքն է, ինչը վտանգում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հարցականի տակ է դնում ցեղասպանոության հարցը։

Հանրապետական Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ միեւնույնն է՝ այս փաստաթղթով, թե առանց սրա Թուրքիան ժխտում է ցեղասպանություն ճանաչման հարցը։ Նա այն կարծիքին է, որ Թուրքիան երբեք էլ չի ճանաչի ցեղասպանությունը։