Հայաստանի համար ցանկալի չի լինի, եթե Ռուսաստանն ու Թուրքիան նույն ծրագրային մոտեցումներն ունենան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 17-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Այդ երկրները մեծ տերություններ են, եւ աշխարհը միայն մեզանով չի սահմանափակվում: Իհարկե, մեզ համար վրդովեցուցիչ է, ծանր է Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը, քանի որ դա մեր ազգային շահերից չի բխում, որովհետեւ  Ռուսաստանը մեր ռազմավարական ընկերն է: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը միջազգային օրենքների շրջանակներում խախտում է կատարում»,-հայտարարեց Սահակյանը:

Նա նաեւ հավելեց, որ Հայաստանն իր հերթին ձեռնամուխ է եղել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ցանկանում է, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն եւ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատվեն:

«Այնպես որ, դրանք դիվանագիտական փոխհարաբերություններ են, եւ դա չի կարելի շփոթել քաղաքական փոխհարաբերությունների հետ»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: