Հայաստանի իշխանությունները սկսել են ավելի բիրտ ու հետեւողականորեն հետապնդել այլախոհության ցանկացած դրսեւորում:
Այսօր՝ մարտի 17-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը:
«Դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք է ընտրել աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի նկատմամբ:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը սատարում է վաստակաշատ մարզիկին` համոզմունք հայտնելով, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը կապված է նրա խիստ ընդդիմադիր կեցվածքի հետ, հետեւաբար ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ:
ԺԿ նախագահը խստագույնս դատապարտում է իշխանությունների անհանդուրժելի գործելակերպը, երբ տվյալ պարագայում չեն հարգվում անգամ Հայրենիքի հանդեպ վաստակաշատ մարզիկի ունեցած ծառայություններն ու պատկառելի կենսագրությունը»,-ասված է ԺԿ հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Երեւանում «Դինամո» մարզադաշտի մոտից մարտի 13-ին ժամը 17-ի սահմաններում անհայտ անձինք առեւանգել են բռնցքամարտի աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Հայ ազգային կոնգրեսի համակիր Սամսոն Խաչատրյանին եւ տարել անհայտ ուղղությամբ: Ըստ ՀԱԿ-ից ստացված տվյալների, նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Դրանից որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Ս. Խաչատրյանը ոստիկանության Կենտրոնի քննչական բաժանմունքում է: Մարտի 16-ին Սամսոն խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է : Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):





























