ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
Ռուբեն Ադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. հունիսի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` հունիսի 10-ին, ժամը 12:00-13:30, Հայաստանի նկարիչների միությունից:
Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
Նշենք, որ Ադալյանը մահացել է հունիսի 6-ին, 90 տարեկանում:
Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։
1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։
1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
1956 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։
1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։
1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։
2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
Ռուբեն Ադալյանը 20-րդ դարի երկրորդ կեսի եւ 21-րդ դարասկզբի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է, ազգային մոդեռնի հիմնադիրներից, ում ստեղծագործություններում առկա են դասական, արեւմտյան եւ սինթետիկ արվեստների արտացոլումները, իրականի եւ երեւակայականի համարձակ կերպափոխումը, դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը, բնության եւ մարդու ներքին հատկանիշների այլակերպումները:
Ռուբեն Ադալյանը բացառիկ մտավորական էր, սեփական մշակույթի նվիրյալ, ով առանձնահատուկ ձեռագիր ուներ եւ անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում:
Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում:





























