Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ Ազատության հրապարակում կրկին կանխել են 65-ամյա կնոջ բողոքը: Վերջինս, ով նախօրեին սպառնում էր ինքնահրկիզվել Ազատության հրապարակում, այսօր` մարտի 17-ին եկել էր առանց բենզինի շշի, պարզապես իր բողոքն էր ներկայացնում ընդդեմ գլխավոր դատախազության եւ նոտարական գրասենյակների իրականացրած ապօրինիությունների:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այդ կնոջ` Գոհար Չիֆլիկյանի վրա են հարձակվել 5-6 ոստիկաններ, քաշքշելով վայր իջեցրել Թումանյանի արձանի պատվանդանից, նետել մեքենայի մեջ եւ տարել անհայտ ուղղությամբ:

Տեղի ունեցածի կապակցությամբ փորձեցինք մենաբանություն ստանալ ոստիկանության լրատվական ծառայությունից եւ պարզել, թե որն է տարեց կնոջը բերման ենթարկելու պատճառը: «Ձեր տեղեկությունները սխալ են եւ չեն համապատասխանում իրականությանը»,- պատասխանեցին մեզ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, 65-ամյա կինը մարտի 16-ին Ազատության հրապարակում փորձել էր ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել էին փորձը: Նա Երեւանի բնակիչ Գոհար Չիֆլիկյանն է, ով բողոքում է  Հայաստանի դատախազության ապօրինությունից: 2007թ. նա փորձել է Հարավ-Արեւմտյան թաղամասում բնակարան գնել, սակայն տանտերը նույն բնակարանը Երեւանի տարբեր նոտարական գրասենյակներում վաճառել է 4 տարբեր անձանց: Խաբեբայությունից տուժածները տարիներ շարունակ փորձում են հետ ստանալ իրենց գումարները, սակայն դատախազությունը հրաժարվում է  քրեական գործ հարուցել: