Անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի, ՀՀ նախագահի աշխատակազմի թիվը կրճատվել է՝ 300-ից դառնալով 155: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյւոջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Նրա խոսքով, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդից մոտ 190 մլն դրամից ավելի խնայվել է թափուր տեղերի հաշվին. «Մենք դա ոչ թե ուղղեցինք պարգեւատրմանը, այլ հետ վերադարձերցինք բյուջե»,-ասաց նա:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց, թե ՀՀ նախագահը ո՞ր սահմանադրական լիազորությունների շրջանակներում է միջազգային ասպարեզում հանդիպումներ ունենում: Վարդանյանը ճշտեց, որ իհարկե, ողջունելի է, որ նման գործունեություն է ծավալում:
Ի պատասխան Էմիլ Տարասյանն ասաց. «Սահմանադրական գործառույթների մասով, երբ ՀՀ նախագահը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում, պարտադիր մասնակից է դարձնում կառավարության լիազոր գերատեսչություններին: Քննարկվող ծրագրերը եւ ԱԳՆ-ին է ներկայացվում, եւ մասնակից ենք դարձնում կառավարության համապատասխան մարմիններին, որոնք զբաղվում են այդ ծրագրերի իրականացմամբ»:





























