Բարձր գնաճը առաջիկայում Հայաստանի հարսն է լինելու, մշտական ուղեկիցը։ Այսօր՝ մարտի 17-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Քննարկման բանախոսներն էին նաեւ ՀՅԴ անդամ, պատգամավոր Արա Նռանյանը, անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը։
Արա Նռանյանը եւ Բագրատ Ասատրյանը խստորեն քննադատեցին կառավարության քաղաքականությունը, հայտարարելով նույնիսկ, որ քաղաքականություն որպես այդպիսին՝ չկա։ Տնտեսագետ Սամվել Ավագյանը համակարծիք էր, որ գնաճի զսպման կառավարության քայլերը անարդյունավետ են, սակայն մատնանշեց, որ Հայաստանում գների մակարդակը ավելի բարձր չէ, քան այլ երկրներում; Ավելին՝ եթե ՄԱԿ-ի գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպության՝ FAO-ի ինդեքսը 2010 թ. աճել է 25 տոկոսով, եւս 6 տոկոսով՝ 2011 թ. առաջին 2 ամիսներին, ապա Հայաստանում պարենային ապրանքների գներն աճել են ընդամենը 18-19 տոկոսով։ Այսինքն՝ գնաճի տեմպերը Հայաստանում հետ են մնում միջազգային շուկաների գների աճից։
Նշենք գների մի քանի համեմատություն՝ Հայաստանում բենզինի գինն ավելի ցածր է, քան Վրաստանում, մոտավորապես նույնն է, ինչ Ուկրաինայում, սակայն ավելի բարձր է, քան ԱՄՆ-ում։ Շաքարավազը Հայաստանում ավելի էժան է, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկրում։ Տավարի միսն ավելի էժան է, քան Վրաստանում կամ Թուրքիայում։ Ձվի գինը մոտավորապես նույնն է, ինչ մյուս երկրներում։ Օրինակ՝ Ադրբեջանում ձվի գինը միայն վերջերս կարողացան իջեցնել մինչեւ 0,12 մանաթ (մոտ 55 դրամ), ու դա համարեցին որպես մեծ հաջողություն։





























