Կառավարության պահուստային ֆոնդից այս տարվա համար ԱԺ-ին է տրամադրվել 183 մլն դրամ՝ գործուղումների համար. ի՞նչ լրացուցիչ անհրաժեշտություն է առաջացել այդ գումարները խնդրելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հարց ուղղեց ԱԺ ֆինանսաֆյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան. խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Ի պատասխան Գալստյանն ասաց. «Բազմաթիվ հանդիպումներ, գործուղումներ վերապլանավորվել են այս տարի: Նոր պլանավորում է իրականացվել գործողումների, թե ԱԺ նախագահի, թե պատգամավորների: Ոչ թե խոսքը վերաբերում է տեղի չունեցած գործուղումների մասով, այլ այն հրավերները, երկրի համար անհրաժեշտ ուղղությունները, որոնք պետք է լինեն, այդ մասով լրացուցիչ պլանավորում է իրականացվել: Պլանավորման ժամանակ բազմաթիվ հրավերներ որոշվել է տեղափոխել հաջորդ տարիներին, որովհետեւ ծավալը միանգամից ու մեծ չափով ավելացել է»:

Մանե Թանդիլյանը հարցրեց նաեւ ԱԺ նախագահի աշխատասենյակ մուտք գործելու լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկելու, սարքեր տեղադրելու մասին. «Ի՞նչ վտանգներ են առաջացել, որ լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում»,-ասաց նա:

Տիգրան Գալստյանն ասաց, որ ոչ թե խնդիրն առաջացել է լրացուցիչ անվտանգության մասով, այլ ԱԺ նախագահի մոտ նպատակ կար ունեմալ ընդհանուր մագնիսական կամար, որի տակով կանցնեն այցելուները. «Սա նաեւ տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ վարչապետի մոտ էլ դրված է նման սարք: Նմանատիպ առաջարկ նաեւ պետական պահպանության ծառայությունն է արել»:

Մանե Թանդիլյանն էլ արձագանքեց. «Այսինքն որեւէ անհրաժեշտություն չկա, բայց քանի որ վարչապետի մոտ տեղադրված է, մենք որոշել ենք նաեւ այստեղ ունենալ»: