Մենք ԱԺ աշխատակազմից հայտ չենք ստացել, որ այ դուք, որպես խորհրդարանական խմբակցություն, խորհրդարանական քաղաքական կամքի ձեւավորման լույսի ներքո, ի՞նչ եք պլանավորում անել 2020 թվականի ընթացքում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ կոչ անելով դիմել ԱԺ խմբակցություններին եւ ԱԺ հանձնաժողովներին նման հայտի համար:
«Եթե փող չկա, ուրեմն գործողությունները չեն լինելու: Կամ եթե ցանկանան այդ գործողություններն անել ու դիմեն ձեզ, դուք էլ ասեք՝ փող չկա, էլի գործողությունենրը չեն լինելու: Էս խեղճուկրակ խորհրդարանի տրադիցիան, որ եղել է՝ մի կերպ կուչ եկած կառավարության կողքը, դա պետք է փոխվի, որովհետեւ փոխվել է Սահմանադրությունը, տրամաբանությունը, ԱԺ լիազորություններն են փոխվել: Ես կսպասեմ այդ հայտին»,-ասաց Մարուքյանը:
Տիգրան Գալստյանն ի պատասխան ասաց, որ առաջարկն ընդունելի է եւ իրենք լրացուցիչ կդիմեն խմբակցություններին:





























