Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցություն է հայտնել Ռոբերտ Սահակյանցի մահվան կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սարգսյանի հղած հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով ստացա անվանի ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Սահակյանցի մահվան լուրը: Նա հայ մուլտիպլիկացիայի անվիճելի առաջատարն էր եւ հայ նորագույն մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը: Բարձրաճաշակ արվեստագետի եւ հստակ դիրքորոշում ունեցող քաղաքացու նրա նկարագիրը տպավորիչ էր եւ օրինակելի:
Նրա ստեղծած մուլտֆիլմերն ունեն ընդգծված ազգային բնութագիր, միաժամանակ հասկանալի ու սիրելի են բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից եւ տարիքից»:
Սերժ Սարգսյանը նաեւ իր ցավակցությունն է հայտնել Ռոբերտ Սահակյանցի ընտանիքին, հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին:




























