Գյումրիի տոնավաճառներում առեւտրականներին այսօր՝ մարտի 17-ին կրկին այցի են եկել հարկային ծառայության աշխատակիցները, ստուգումներ են իրականացրել ու տուգանքներ գրել:
Տոնավաճառի առեւտրականների հավաստմամբ, նմանատիպ շրջայցերի թիվը վերջին շրջանում ավելացել է: «Հարկային տեսչության աշխատակիցները գրեթե ամեն օր ստուգումներ են իրականացնում,եւ տուգանում աշխատողներին: Հերթական առեւտրականն այսօր տուգանվել է 170 հազար դրամով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են առեւտրականները:
170 հազար դրամ տուգանելու պատճառը, ըստ տոնավաճառի աշխատակիցների, այն է, որ վաճառողը գնորդին չի տրամադրել ՀԴՄ կտրոն: «Եթե բյուջեն լցնելու խնդիր կա, ապա ինչու հենց մեր գումարների եւ մեր չնչին եկամտի հաշվին: Վերջին ամիսներին առեւտուր գրեթե չկա, ժողովուրդը վճարունակ չէ, հետեւաբար տուգանքի գումարներն ի վիճակի չենք վճարել: Հորդորում ենք խախտումներ այստեղ չփնտրել: Մայրաքաղաքում առեւտրականները բողոքի ակցիաներ են կազմակերպում, եթե խնդիրը ավելի լրջանա մենք էլ կմիանանք երեւանյան մեր գործընկերներին»,- դժգոհում էին գյումրեցի առեւտրականները:
Գյումրիի տարածքային հարկային տեսչության պետի տեղակալ Աշոտ Ավագյանն իր հերթին, մեզ փոխանցեց, որ իրենց աշխատակցին հրահանգված է եղել իրականացնել ստուգումներ, քանի որ, ըստ նրա, առեւտրականներից շատերը գործում են օրենքից դուրս, հետեւաբար նրանց գործունեությունը օրինական դաշտ բերելու անհրաժեշտություն կա:




























