«Երկիր» օրաթերթը վերլուծում է ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները: «Հանրահավաքին մասնակցած բազմությանը ՀԱԿ-ի մատուցած անակնկալն իսկապես տպավորիչ էր. հայտարարեցին ու մի գրոհով, «առանց զոհերի» գրավեցին Ազատության հրապարակը։ Դրա համար ընդամենը բավարար եղավ օրվա հերոսի՝ Լեւոն Զուրաբյանի՝ 5 րոպեանոց բանակցությունը Ալեքսանդր Աֆյանի հետ, եւ երեք տարի ընդդիմության համար փակված հրապարակը բացվեց։ Իսկ համընդհանուր էյֆորիայի մեջ բոլորը մոռացան այն նահանջողական ուղերձները, որ Տեր-Պետրոսյանը հղեց «Հիմա, հիմա» վանկարկող բազմությանը։ Դժվար է, իհարկե, միանշանակ պնդել, որ կասկածելիորեն հեշտ ձեռք բերված հաղթանակը բեմադրություն էր, սակայն փաստը, որ «արմատական» ընդդիմության եւ իշխանության գործողությունները շատ սինխրոն ու փոխլրացնող էին, ակնհայտ է։
Փորձենք համադրել փաստերը։ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ առայժմ իշխանությանն «անկյուն սեղմելու» մտադրություն չունեն, հետո փաստացի հրաժարվում է նախապես իշխանությանն առաջադրած 15 պահանջներից ու երկխոսություն սկսելու համար բավարար համարում դրանցից ընդամենը երեքի կատարումը, այդ թվում՝ «քաղբանտարկյալների ազատումը»: …Բայց արմատական փոփոխությունների ձգտող ՀԱԿ-ը, տարօրինակ ձեւով ստեղծված առիթը փոշիացնում է` հրահանգելով ցնծացող եւ առաջին հաղթանակի պտուղները վայելող հանրությանը ցրվել տները:
Իրականում այս ամենում ոչ մի արտառոց բան չկա: Այսպիսի հանգուցալուծումը շատ հանգիստ տեղավորվում է թե’ ընդդիմության, թե’ իշխանության շահերի շրջանակներում: Իշխանությունը Երեւանում գտնվող ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայանում է զիջումների գնացողի տեսքով, միաժամանակ հանրությանը ցույց է տալիս ընդդիմության հետ երկխոսության գնալու պատրաստակամությունը` ազատելով ՀԱԿ-ի ակտիվիստներին:




























