«Ամբողջ ռուսական զորքը կանգնած էր Ազատության հրապարակի չորս բոլորը, եւ ամբողջ ճանապարհները փակված էին, բայց 30-40-50 հազարանոց միտինգներ էին տեղի ունենում», հայտարարել է Գալուստ Սահակյանը` հերքելով այն փաստը, որ իշխանությունները փակել են Երեւան մտնող ճանապարհները:
«ՉԻ»-ն Սահակյանի հայտարարությունը այսպես է մեկնաբանում. «Պնդելով, որ Երեւան մտնող ճանապարհները հանրահավաքների օրերին չեն փակվում` Գալուստ Սահակյանն առանձնապես ռիսկի չի դիմում, որովհետեւ իրականում սուտ ասելիս մարդկանց քթերը չեն երկարում: Բայց կարեւորը ոչ թե դա է, այլ Գալուստ Սահակյանի բերած համեմատությունը: Մարդը բաց տեքստով խոստովանում է, որ ինչպես 1988-ին էր օտար զորքը գրավել Երեւանը եւ շրջապատել Ազատության հրապարակը, այնպես էլ այսօր իրենք են ճիշտ նույն մեթոդներով պայքարում ճիշտ նույն ժողովրդական շարժման դեմ: Ի դեպ հետաքրքիր է` Գալուստ Սահակյանը գիտի՞, թե այն ժամանակ ինչով ավարտվեց այդ ամենը: Կարող ենք հիշեցնել. ժողովուրդը հաղթեց, այս անգամ էլ է նույնը լինելու»:




























