Հայաստանի Կառավարության շենքի դիմաց այսօր՝ մարտի 18-ին «Հիմա» երիտասարդական շարժումը բողոքի ակցիա կկազմակերպի՝ ընդդեմ Կառավարության միգրացիոն քաղաքականության:
«Կառավարությունը հայտնաբերել է Հայաստանում գործազրկության հարցը լուծելու ամենակարճ ուղին՝ Հայաստանի հայաթափմանը նպաստելը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում ստեղծվել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո գործող միգրացիոն կենտրոններ, որոնց մոտ հեռանալ ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթեր են գոյանում:
Պահանջում ենք կառավարությունից սեփական օրինակով անմիջապես պատրաստել փաստաթղթերն ու դիմել մոտակա միգրացիոն կենտրոն՝ արտագնա աշխատանքի մեկնելու թույլտվություն ստանալու»,- ասված է «Հիմա» երիտասարդական շարժման հայտարարության մեջ:




























