Վրաստանը մտադիր է նոր ճանապարհ կառուցել, որը կմիացնի վրացական նավահանգիստներն (Փոթի եւ Բաթումի) ու Սեւծովյան ափի զբոսաշրջային կենտրոնները Հայաստանից Վրաստան մտնող ճանապարհի հետ։ Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին Երեւանում հայտարարեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին՝ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո։
Ըստ վրացի նախարարի՝ այդ ճանապարհն անցնելու է Խուլոյի կիրճով, եւ հարմարավետ կլինի ոչ միայն Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների համար, այլեւ Ախալքալակի բնակիչների։
Ըստ Մ. Վարդանյանի՝ նոր ճանապարհը կարելի է դիտարկել որպես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շարունակություն։ Հիշեցնենք, որ Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ հայ-իրանական սահմանից բարձրակարգ ճանապարհ կկառուցվի (կվերանորոգվի) մինչեւ հայ-վրացական սահման։
Հայաստանի եւ Վրաստանի 2 նախարարությունների միջեւ հուշագրի ստորագրումը թույլ կտա հայկական ընկերություններին Վրաստանում, իսկ վրացական ընկերություններին՝ Հայաստանում մասնակցել ճանապարհաշինական մրցույթներին։
Վրացական կողմը նաեւ պարտավորվում է վերակառուցել Վերին Լարսի անցակետն ու այնտեղով անցնող ճանապարհը։ Ըստ Նիկոլաիշվիլիի՝ այնտեղ շատ բարդ կլիմայական պայմաններ են, ու չնայած դրան՝ վրացական կողմը խոստանում է աշխատանքներ իրականացնել; Բացի այդ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին օպերատիվ տեղեկություններ կփոխանցի ճանապարհների վիճակի եւ հայկական տրանսպորտային մեքենաների հետ կապված դեպքերի վերաբերյալ։





























