Հայաստանի իշխանությունները առաջին անգամ չէ, որ հայտարարում են, թե Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը բխում է Հայաստանի շահերից։ Սերժ Սարգսյանը օրերս նույն միտքը նորից բարձրաձայնել է՝ հիշեցնելով, որ Թուրքիայի ինտեգրումը ուղեկցվելու է եվրոպական չափանիշներին թուրքական կողմի համակերպումով։ Պատմաբան-արեւելագետ Ռուբեն Մելքոնյանը NEWS.am-ի հետ հարցազարույցում նշեց մի քանի պատճառներ, որոնք Հայաստանի համար ձեռնտու են դարձնում Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը ։
«Ինտեգրվելով Եվրամիությանը՝ Թուրքիան պետք է առաջին հերթին բարձրացնի ժողովրդավարության մակարդակը եւ հետեւի եվրոպական չափանիշներին։ Դա դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների վրա, կբարձրանա նրանց անվտանգության մակարդակը, կպաշտպանվեն իրավունքներն ու մշակութային ժառանգությունը»,- ասում է Մելքոնյանը։ «Բացի դրանից՝ մենք հարեւան կունենանք, որը ստիպված կլինի հետեւել Եվրոպայում ընդունված քաղաքական կանոններին եւ որի հետ շփումը ավելի կանխատեսելի կդառնա»։
Սերժ Սարգսյանն իր հայտարարությունում ընդգծել է, որ անդամակցումը Եվրամիությանը ուղեկցվելու է եվրոպական չափորոշիչների ընդունմամբ։ Փորձագետը կարծում է, որ թուրքերին հեշտ չի լինի համապատասխանել առաջադրվող չափորոշիչներին, որովհետեւ այդ դեպքում նրանք ստիպված կլինեն հրաժարվել մի շարք ազգային սկզբունքներից եւ գաղափարներից, որոնց նրանք հավատարիմ են եղել տասնյակ տարիներ։
Թուրքագետի խոսքերով, Թուրքիայի հետ բազմադարյա հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ այդ երկիրը հնարամտորեն կարող է շրջանցել եվրոպական չափորոշիչները եւ հետեւել դրանց բացառապես միայն խոսքերով եւ ոչ թե գործով։
«Պետք է միշտ պատրաստ լինել, քանի որ նույնիսկ Եվրամիությանը ինտեգրումից հետո Թուրքիան ի վիճակի է իր խորամանկ քաղաքականությունը օգտագործել սեփական շահերի համար։ Մենք պետք է ուշադիր եւ զգույշ լինենք եւ ամեն միջոցով կանխենք Թուրքիայի կողմից նման փորձերը», ասում է պատմաբանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանը չի թողնի Թուրքիային մոլորեցնել եվրոպական հասարակությանը, փորձագետն ասաց. «Հենց այդ նույն եվրոպական հասարակությունը կարող է շատ պատճառներ ունենա խաբվել ցանկանալու համար, քանի որ Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը անմիջականորեն մեծ հետաքրքություն է ներկայացնում նաեւ Եվրոպայի համար»։ Մելքոնյանը հիշեցրեց, որ առաջին անգամ չէ, որ որոշ եվրոպական պետություններ ակնհայտորեն զբաղվում են ինքնախաբեությամբ կամ էլ չեզոք դիրք են բռնում՝ այդ կերպ մասնակիցը դառնալով Թուրքիայի կողմից իրականացվող հանցագործություններին։



























