«Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական հիփոթեքային ծրագրից  Գյումրիում օգտվում են սահմանափակ թվով երիտասարդ ընտանիքներ: Բանն այն է, որ ծրագիրը, որը  նպատակ  ունի  երիտասարդ ընտանիքներին վարկավորման միջոցով ապահովել բնակարանով,  Շիրակի մարզում չի գործում , քանի որ երիտասարդ քիչ ընտանիքներ կան, որ ապահովված են կայուն ու բարձր աշխատավարձով:

«Հայբիզնեսբանկի» Գյումրիի մասնաճյուղի կառավարիչ Լեւոն Գասպարյանի փոխանցմամբ, այդ առումով ակտիվություն նկատվում է եւ շատ ընտանիքներ սկսել են դիմել, հետաքրքրվել, բայց քչերն ունեն կայուն եկամուտ, դրա համար օգտվել չեն կարող:

Իսկ անշարժ գույքի գործակալության ղեկավար Արարատ Պապոյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է.«Ռուսաստանում օրինակ այդ խնդրին ավելի օպտիմալ լուծում է տրվել.  Կառավարությունը անտոկոս  երկարաժամկետ վարկեր է տրամադրում երիտասարդ ընտանիքներին: Բնակարանները պետական են ու 20 -30 տարի քիչ -քիչ վճարելով այդ բնակարանի շուկայական արժեքը` ընտանիքն այն սեփականացնում է` չունենալով մտավախություն, թե  կարող է կորցնել այն: Մեր պարագայում բնակարանը ոչ թե ընտանիքինն է կամ պետությանը այլ փաստացի բանկի սեփականությունն է ու երիտասարդ շատ ընտանիքներ մտավախություն ունեն, որ չեն կարողանա  վճարել ու  կկորցնեն բնակարանը»: