Հունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զորակոչի եւ զինծառայության հետ կապված մի շարք հարցեր:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է կատարվել հանձնաժողովի` 2018թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման աշխատանքի արդյունքներին, հասարակական խորհրդի վերլուծությունների եւ առաջարկությունների կապակցությամբ պաշտպանության նախարարի տված հանձնարարականների կատարման ընթացքին, օրենսդրական-իրավական կարգավորումների ենթակա, ինչպես նաեւ ընթացիկ զորակոչի հետ կապված խնդիրների:

Հասարակական խորհուրդը կշարունակի անմիջական մասնակցություն ունենալ զորակոչի գործընթացում` իր ջանքերը կենտրոնացնելով քաղաքացիների դիմումների եւ բողոքների լուծման ուղղությամբ: Կնախաձեռնվեն նաեւ հանդիպումներ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների հետ` հասարակական խորհրդի վերլուծությունների եւ առաջարկությունների քննարկման նպատակով: