Հուլիսի 13-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ժամը 14։00-21։00-ը կիրականացվի «Լույսի մոլորակ» մոր եւ մանկան փառատոնը, որն անց է կացվում «Իմ Քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, ԱՀ Առողջապահության եւ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունների մասնակցությամբ։ Կազմակերպիչ՝ CREO Project Solutions։

Երեւանյան հաջողությամբ ոգեշնչված՝ փառատոնն ուղեւորվում է Արցախ՝ այս անգամ իսկական կրթական տոն պարգեւելու նաեւ արցախաբնակ երեխաներին եւ ծնողներին։

Ինչպես ցույց տվեց փորձը, միջոցառումը ստեղծում է մի միջավայր, որը նպաստում է ժամանակակից հասարակությունում հոգեպես ու ֆիզիկապես առողջ, իրազեկ, զարգացած, կիրթ, ինտեգրված ու բարձր արժեքային համակարգով մարդու կերտմանը:

Լայնամասշտաբ այս նախագիծը սոցիալական ամենատարբեր խավերի ծնողների եւ մանուկների համար հավասար հնարավորություններ կստեղծի ստանալու կարեւոր տեղեկատվություն եւ մասը կազմելու զարգացնող միջոցառումներին, ինչպես նաեւ կաջակցի հատուկ կարիքներով երեխաների եւ նրանց ընտանիքների ինտեգրմանը հասարակությանը:

Փառատոնային խիտ ծրագիրը երեխաներին եւ նրանց ծնողներին կներկայանա կրթական բնույթի բազում առաջարկներով․ բաց դասեր ծնողների համար (առողջ ընտանիքի եւ հղիության գրավականը, հատուկ կարիքների վաղ բացահայտումը, կրծքով սնուցման առավելությունները, նեոնատալ խնամք եւ այլն) եւ երեխաների համար (ինտերնետ անվտանգություն, նկարչություն, կավագործություն, տիկնիկագործություն, մենթալ թվաբանություն, զարմանահրաշ քիմիա եւ ֆիզիկա, ռոբոտաշինություն, մարտարվեստներ, պար եւ այլն), մանկական ներկայացում, շարժական պլանետարիումի այցելություն, հայկական մուլտֆիլմի դիտում, հեքիաթի եւ մանկական զվարճանքների անկյուններ եւ դեռ շատ-շատ ավելին:  

Միջոցառման նպատակներից են՝

• Ծնողների կրթում մոր եւ մանկան առողջության պահպանման հարցերի վերաբերյալ՝ հասանելի եւ բարձրակարգ մասնագիտական տեղեկատվության տրամադրման միջոցով:

•         Հատուկ կարիքներով երեխաների սոցիալականացման հարցերի բարձրաձայնում եւ նման երեխաների ինտեգրում՝ որպես հասարակության լիիրավ անդամ: Առողջական խնդիրների վաղաժամ բացահայտման եւ դրանց հետագա զարգացման կանխարգելմանն ուղղված տեղեկատվության տրամադրում:

•         Ներառական միջավայրի ստեղծում, որտեղ կրթության եւ զարգացման համար առաջարկվում են հավասար պայմաններ՝ անկախ ֆիզիկական եւ սոցիալական սահմանափակումներից:

•         Առաջատար կրթական հաստատությունների կողմից ներկայացվող կրթական բաց դասերի ներկայացում: Նպատակը՝ հնարավորության ընձեռում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ օգտվելու զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերից, որոնք այլ պայմաններում նրանց հասանելի չեն:

•         Կրթական այլընտրանքային ծրագրեր առաջարկող կենտրոնների ներկայացման միջոցով ծնողների իրազեկվածության բարձրացում: