ԱՊՀ երկրների կրոնապետերի խորհրդի նախագահության նիստի շրջանակներում, որը կկայանա Հայաստանում, հնարավոր է, հանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը։
Նրա խոսքով, նախագահության նիստը տեղի կունենա Էջմիածնում՝ 2011 թվականի նոյեմբեր ամսվա երկրորդ կեսերին։ «Փաշազադեն միջկրոնական խորհրդի համանախագահն է, եւ հնարավոր է, որ նա Հայաստանում հանդիպի Գարեգին Բ-ին»,- ասաց Վահրամ Մելիքյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վլադիկավկազի ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Գարեգին Բ-ի հետ այս տարի հանդիպելու հնարավորությունը:





























