Լեհաստանի խորհրդարանի` Սեյմի ստորին պալատի պատգամավորները հավանություն են տվել մի օրենքի, որով նախատեսվում է սեքսուալ որոշ տեսակի հանցագործներին պարտադիր քիմիական ամորձատման ենթարկել: Հաղորդում է BBC-ն:

Ներկայումս նման հանցագործները կարող են կամավոր համաձայնել, որպեսզի որոշակի դեղամիջոցներով իջեցվի իրենց սեքսուալ ակտիվությունը, սակայն նոր օրենքը պարտադրում է, որ մասնավորապես մինչեւ 15 տարեկան երեխաների կամ մոտ հարազատների նկատմամբ սեքսուալ ոտնձգություն իրականացրած անձանց ամորձատեն` այսինքն կրտեն:

Այս օրենքին բոլոր ներկա պատգամավորներից դեմ են քվեարկել միայն երեքը: Օրենքը նախատեսում է նաեւ պատժաժամկետի ավելացում պեդոֆիլների համար: Ըստ նոր օրենքի պեդոֆիլների որեւէ արդարացում համարվում է քրեական հանցագործություն եւ պատժվում մինչեւ 2 տարի ժամկետով: Նման պատիժ է նախատեսված նաեւ այն անձանց համար, ովքեր կփորձեն մինչեւ 15 տարեկան երեխաներին գայթակղել ինտերնետի օգնությամբ: Օրենքը պետք է հաստատվի Սեյմի վերին պալատի, ապա նաեւ նախագահ Լեհ Կաչինսկու կողմից: