ICAO-ն (International Civil Aviation Organization) ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչությանն է փոխանցել Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության ղեկավարի նամակը, որում ասվում է, թե Ադրբեջանը պատրաստ է հարվածել Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարտի 21-ին հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: «Ինձ համար բավական զարմանալի է, որ նման խնդիր է բարձրացնում քաղավիացիայի ղեկավարը: Քաղաքացիական ավիացիան ունի մի շարք «ոչ»-եր, որոնցից մեկը քաղաքականությանմբ չզբաղվելն է:Քաղավիացիան պետք է չզբաղվի քաղաքականությամբ, այլ միտված լինի բարի եւ գեղեցիկ հարաբերություններ ստեղծելուն: Քաղավիացիան պետք է «ոչ» ասի պատերազմին, սակայն չի կարող «ոչ» ասել թռիչքին»,-հայտարարեց Մովսիսյանը` հավելելով, թե Ադրբեջանը պետք է հիմնավորի իր ռազմատենչ հայտարարությունը:
Նրա խոսքով` ԼՂՀ-ն թռիչքներ չի իրականացնում ոչ այն պատճառով, որ վախենում է թռչելուց: Խնդիրն, ըստ Մովսիսյանի, այն է, որ ԼՂՀ-ն շատ կարգապահ երկիր է, եւ եթե թռիքային եւ ավիացիոն անվտանգությունները չեն համապատասախանում որոշակի չափանիշերի, ապա թռիչք չեն իրականացնում: «ԼՂՀ իշխանությունները երեք տարիների ընթացքում այս բոլոր խնդիրները լուծել են, եւ այսօր կարող են ասել, թե ինչի համար են չվերթներ սկսում»,-հայտարարեց Մովսիսյանը:
Նա նաեւ նշեց, որ ադրբեջանական իշխանությունները մեջլիսի ամբիոնից դաժանության դեմ ուղղված կոչեր են անում` բարձրացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մանկահասակ երեխայի մահվան հարցը, սակայն մեկ այլ ամբիոն դաժանության կոչ է անում: «Այդ նույն օդանավի մեջ էլի գտնվելու է երեխա, ծերունի, քաղաքացիական մարդիկ, ովքեր բարի նպատակով չվերթներ են իրականացնելու: Ստացվում է, որ մի «ձեռքը» ոչ է ասում դաժանություն իրականացնելուն, մյուսը` պատրաստ է դաժանություն անել»,-նկատեց ՀՀ քաղավիացիայի վարչության պետը: Նա նաեւ հավելեց, որ այս հարցը բարձրացնելու են ICAO-ի առաջ` ակնկալելով համապատասխան վերաբերմունք Ադրբեջանի հայտարարության նկատմամբ:
Նշենք, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը արձագանքել է Ադրբեջանի քաղավիացիայի պետական վարչության ղեկավարին, նշելով, որ «եթե Ադրբեջանն իրեն համարում է քաղաքակիրթ երկիր, նա այդպիսի հայտարարություններ չպիտի անի»:
Նշենք նաեւ, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներ են աշխարհի տարբեր քաղաքակիրթ երկրներ, այդ թվում եւ Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք իրենց վրա են վերցրել պարտավորություն՝ երբեք չվնասել քաղաքացիական ավիացիայի օդանավերը։




























