Հայ պատգամավորներին մի ամբողջ օր է հարկավոր, որպեսզի որոշեն` այցելե՞լ արդյոք հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՝ ոչ:
Մեղավորն «Օրինաց երկիրն» է, քանի որ հենց այդ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի բացակայության պատճառով պատգամավորները որոշեցին հետաձգել հարցի քննարկումը, մինչեւ ՕԵԿ-ը եւս հայտնի իր «ծանրակշիռ» խոսքը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե հակված չէ քաղաքականացնել հարցը: «Պետք չէ բարդացնել, պարզապես պետք է հասկանալ, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասել է ԱԺ նախագահը: Նա նշել է, թե դեմ չէ անձամբ այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: «Որպեսզի պարզենք, թե ինչով կարող ենք օգնել իրեն, սակայն նա որեւէ հարց չի ներկայացրել»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ առայժմ հայտնի չէ, մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» խորհրդարանական քառօրյային, թե՝ ոչ:
Հովիկ Աբրահամյանը իրավաչափ է որակել Հայաստանի ոստիկանության գործողությունները, որ նրանք խոչընդոտել են եւ թույլ չեն տվել մեծ անձրեւանոց տեղադրել անձրեւի տակ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար:
«Ես վստահ եմ, որ ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում, քանի որ նման հրահանգ է ստացել Հայաստանի նախագահից»,- ասել է Աբրահամյանը: Նա անձամբ չի տեսել հոլովակը, որտեղ հստակ երեւում են ոստիկանության գործողությունները, բայց կարծում է, որ պատգամավորները պետք է պահպանեն օրենքը: Աբրահամյանը նաեւ հրաժարվել է մեկնաբանել Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի հայտարարությունը, թե անձրեւանոց տեղադրելը չի արգելվում օրենքով, բայց իրենք թույլ չեն տալու:





























