Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը մարտի 20-ին աշխատանքային այցով ժամանել է Նովոսիբիրսկ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ նա ծաղիկներ է դրել Փառքի հուշակոթողի եւ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջեւ, այնուհետեւ հանդիպել է Նովոսիբիրսկի եւ Սիբիրի դաշնային երկրամասի հայ համայնքի հետ:

Հանդիպմանը ներկայացվել է երկրամասում հայ համայնքի գործունեությունն ու քննարկվել են համայնքի առջեւ ծառացած հիմնախնդիրները:

Մատնանշվել են Սիբիրի դաշնային երկրամասում ՀՀ քաղաքացիների՝ հյուպատոսական ծառայությունից օգտվելու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերը:

Այցի հաջորդ օրը՝ մարտի 21-ին Օլեգ Եսայանը հանդիպել է Նովոսիբիրսկի երկրամասի նահանգապետ Վ.Յուրչենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Նովոսիբիրսկի երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ տարածաշրջանային համագործակցության մի շարք հարցեր: Դեսպան Օ.Եսայանի խոսքով՝ նման շփումները կխթանեն երկրամասի եւ ՀՀ մարզերի միջեւ նոր հնարավորությունների ստեղծմանն ու տնտեսական համագործակցության զարգացմանը: Ինչպես նշել է դեսպանը,  փոխադարձ կապերի ամրապնդման շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել ներդրումային եւ գիտական նախագծեր, համատեղ ձեռնարկատիրական եւ հումանիտար ուղղվածությամբ ծրագրեր:

Նույն օրը ՀՀ դեսպանը համանման հարցերի օրակարգով հանդիպել է նաեւ Նովոսիբիրսկում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Պսարիովի հետ:

Նովոսիբիրսկում դեսպան Օ.Եսայանը դասախոսությամբ հանդես է եկել Սիբիրի միջազգային հարաբերությունների եւ տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտում:

Դասախոսության ընթացքում ՀՀ դեսպանը, խոսելով Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների մասին, ներկայացրել է ՀՀ տեսլականը ռուս-հայկական ռազմավարական համագործակցության տեսանկյունից: Մանրամասնորեն ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը բազմապիսի միջազգային հիմնախնդիրների շուրջ՝ Օ.Եսայանը առանձնակի անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում ՀՀ դիրքորոշման առաջնություններին: