Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունները հարթելու եւ ԼՂ խնդրի կարգավորման հարցերում օբյեկտիվ պատճառներով կանգ է առել մարտահրավերների առջեւ։ Այս մասին Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) 19-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա խոսքով, այդ պատճառներից են՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության բացակայությունը եւ կոռուպցիայի առկայությունը։ Նա հայտարարել է, որ երկրում չկա մի չինովիկ, ով չունի սեփական բիզնես եւ չի ավելացնում իր կարողությունը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ ուրիշ ոչ մի տեղ, բացի Ադրբեջանից, ասիական եւ աֆրիկյան երկրներից, քաղբանտարկյալներ չկան։ Հենց սա էլ, նրա խոսքով, թուլացնում է Հայաստանի դիրքերը։
«Ամեն մի քաղբանտարկյալի համար Սերժ Սարգսյանը վճարում է թուրքերին, ադրբեջանցիներին՝ իր զիջումներով, իր հակաազգային քաղաքականությամբ»,- հայտարարել է նա։ Նախկին նախագահը ընդգծել է, որ եթե Սփյուռքն այլ դիրքորոշում ցուցաբերեր 2008-ի նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերի ժամանակ, ոչ թե մի քանի կազմակերպությունների անունից պաշտպաներ իշխանությունների գործողությունները, իրավիճակ այլ կլիներ։ «Թող խոստովանեն իրենց մեղքը։ Ես ուրախ եմ, որ ՍԴ Հնչակյան կուսակցությունը այդ կազմակերպությունների թվին չի պատկանում: Ես կոչ չեմ անում Սփյուռքին՝ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Բայց ինչպես Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Սփյուռքի խնդիրներին, այնպես էլ Սփյուռքը պետք է տա իր գնահատականը այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում»,- նշել է Տեր-Պետրոսյանը։ Նրա խոսքով, եթե Հայաստանում օրինականություն եւ ժողովրդավարություն չհաստատվի, հանրությունը հասուն չի դառնա եւ չի կարողանա դիմագրավել մարտահրավերներին:




























