Հարյուրավոր արմավիրցիներ փակել են Երեւան-Արմավիր Ճանապարհը: Նրանց բողոքն ուղղված է Արմավիր քաղաքում երեկ՝ մարտի 20-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների դեմ:
Նշենք, որ երեկ թեժ ընտրությունների արդյունքում Արմավիրի քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանը: Վերջինս լարված պայքարի արդյուքում հազար ձայնով պարտության է մատնել իր մրցակից ավագանու խորհրդի անդամ անկուսակցական Սեւակ Մինասյանին:
Եղել են նաեւ այլ թեկնածուներ՝ անկուսակցական Առնակ Գեւորգյանն ու Կարեն Վարդանյանը, սակայն պայքարը գործող քաղաքապետի ու ավագանու անդամի միջեւ է եղել:
NEWS.am-ի թղթակցին ցուցարարները հայտնել են, որ իրենք բողոքում են անարդար ընտրությունների դեմ եւ պահանջում անվավեր ճանաչել Խլղաթյանի հաղթանակը: Նրանց հավաստմամբ, Ռուբեն Խլղաթյանը վերանվաճել է քաղաքապետի աթոռը բազմաթիվ ընտրախախտումներով ու կեղծիքներով, որոնց մասին թեեւ իրենք հայտնել են Ոստիկանությանը, սակայն ոստիկանությունը չի արձգանքել:
Չնայած ոստիկանության հորդորներին քաղաքացիները հրաժարվել են ճանապարհը բացել, մինչեւ իրենց պահանջը չկատարեն: Չնայած դեռ ոստիկանությունը կոնկրետ միջոցներ չի ձեռնարկել ճանապարհը բացելու ուղղությամբ, սակայն քաշքշուկ ու հրմշտոց կա: Ի դեպ, ըստ արմավիրցիների, վերընտրված քաղաքապետը ՀՀԿ-ական գործարար պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանի եւ Սամվել Ալեքսանյանի հովանավորյալն է:
Ի վերջո, ոստիկանությունը բռնությամբ ու քաշքշելով հրել են ցուցարարներին եւ բացել ժանապարհը: Ըստ ականատեսների, մի քանի մարդու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:





























