Իրավիճակը Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում շարունակում է մնալ լարված: «Հայկական խմբավորումների քրեական գործունեությունը Մարգանեցում շատ հեռու է գնացել: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է 1988թ. Սումգայիթի դեպքերը: Եթե քաղաքական մեթոդները չեն օգնում, կազակական եղբայրությունը պատրաստ է լուծել հակամարտությունը եւ կարգուկանոն հաստատել Մարգանեցում»,- ասուլիսում հայտարարել է ատաման Յուրի Լոսեւը:
Հայազգի ատաման Սերգեյ Մադաթյանն իր հերթին նշել է, թե չի կարելի վերջին դեպքերը համարել որպես միջէթնիկական հակամարտություն: Մադաթյանը նաեւ քննադատության է ենթարկել Հայաստանի դեսպանատանն ու հայկական համայնքին՝ իրավիճակի մեղմմանն ուղղված քայլեր չանելու մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Մարգանեցի հայազգի մի բնակիչ դանակահարել էր սերժանտ Սերգեյ Բոնդարենկոյին, որը մահացել էր: Դրանից հետո անկարգություններ էին սկսվել քաղաքում: Ըստ բժիշկների՝ ծեծկռտուքի արդյունքում վիրավորված անձանց վիճակը գնալով լավանում է:


























