Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ իրականացնելու ընթացքում մեկ վրան կամ մեկ հովանոց տեղադրելու արգելքը մարդու իրավունքների խախտում է համարում, իսկ ՀՀ ոստիկանության գործողությունները՝ ոչ իրավաչափ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից:

«Հայտարարում եմ, որ անձի կողմից մեկ վրանի տեղադրումը որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանը ուղեկցող գործողություն` ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:

Վերոնշյալ եզրահանգումը հիմնված է հետեւյալ իրադարձությունների եւ իրավական փաստարկների վրա: Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր հաղորդագրությամբ նշել է, որ 15.03.2011թ-ին երեկոյան այցելել են Ազատության հրապարակ, որտեղ փորձել են հացադուլ իրականացնող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան կամ տաքացուցիչ տեղադրել, ինչին ոստիկանները ամեն կերպ խոչընդոտել են:

Քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀ օրենսսդրության եւ միջազգային իրավական նորմերի վերլուծությունից բխում է հետեւյալը.

- Խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր (այդ թվում՝ նաեւ նստացույցներ), ինչպես նաեւ այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքով ամրագրված  է քաղաքացիների կողմից առանց լիազոր մարմնին իրազեկման ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու իրավունքը՝ հասարակական կարգը   չխախտելու պայմանով: 

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսեւորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: 

- Հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների եւ վրանների  տեղադրումը :

Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման` պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններից,  ինչպես նաեւ  այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հրապարակային միջոցառում իրականացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:

Ելնելով ՀՀ օրենսդրության եւ միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով` կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի կամ հովանոցի տեղադրումը»,- ասված է Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ: