ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն` 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Դրանից զատ, Սերժ Սարգսյանը նույն օրը ստորագրել է նաեւ ԱԺ ընդունած ՀՀ հետեւյալ օրենքները` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին: