Երեւանում բացվել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) 19-րդ համագումարը, որը կուսակցության պատվիրակներին ՀՀ մայրաքաղաք էր բերել աշխարհի տարբեր կողմերից:

Առաջինը ելույթը ունեցավ Կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը, ով նկատեց, որ այս համագումարն ընթանում են հայ ժողովրդի համար ճակատագրական օրերին, երբ հրապարակված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, իսկ ԼՂ հակամարտության կարգավորումը դարձել է մտահոգությունների առարկա։ Նա հայտարարեց, որ համագումարի երեք օրերի ընթացքում, պատվիրակները բազմաթիվ թեմաներ կքննարկեն եւ կընդունեն համապատասխան բանաձեւ, որն իր մեջ շատ հարցերի պատասխաններ կպարունակի։ «Հնչակյան» կուսակցության Հայաստանի կառույցի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ այն մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջեւ, պետք է հաղթահարել միասնական ուժերով։

Իր հերթին, համագումարին հյուրի կարգավիճակով ներկա «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարեց, որ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է դադարի գոյություն ունենալ որպես հանրապետություն։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները մոռանում են, որ այն պահին, երբ 1995 թվականին Սարաեւոն ստորագրեց իրեն ներկայացրած համաձայնագիրը, այնտեղ 150 հազար սերբ էր բնակվում, իսկ այդ փաստաթղթերի գործելուց հետո, նրանցից մնաց յոթ հազարը։ Ըստ Կարապետյանի, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանը չեն հասկանում, որ չի կարելի ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները։ Կարապետյանը համոզված է, որ այսօր եկել է բողոքի նոր ալիք բարձրացնելու ժամանակը։

«Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում հայտարարեց, որ «Ժառանգության» եւ ՍԴՀԿ-ի դիրքորոշումները շատ հարցերում համընկնում են: «Մենք միասին պայքարել ենք համաժողովրդական շարժման շրջանակներում երկրում ժողովրդավարության հաստատման համար»,- նշեց նա՝ հավելով, որ իրենց տեսակետները համընկնում են նաեւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի եւ ԼՂ խնդրի հետ կապված:

Նշենք, որ ՍԴՀԿ համագումարում ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանը, Լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը: Համագումարին ներկա էին ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը, որոնք սակայն ելույթ չունեցան:

Պաշտոնական մասից հետո, համագումարն իր աշխատանքները կշարունակի դռնփակ: Վաղը պատվիրակները կուղեւորվեն Ծաղկաձոր: Համագումարի արդյունքում ՍԴՀԿ-ն բանաձեւ կընդունի: