Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նոր մասնաշենքի բացման արարողությանը: ՀՀ վարչապետը շրջել է նոր կառուցված մասնաշենքում, ծանոթացել է շենքային պայմաններին եղել է համակարգչային կենտրոնում եւ ընթերցասրահում:
Վարչապետը ներկաներին շնորհավորել է կրկնակի տոնի կապակցությամբ, քանզի այսօր նշվում է նաեւ Լեզուների եվրոպական օրը, ինչն անմիջական կապ ունի համալսարանի առաքելության հետ: Վարչապետը շեշտել է. «Ժամանակակից աշխարհի կարեւորագույն հատկանիշներից մեկն այն է, որ այն արագ փոքրանում է, եւ շփումները ազգերի միջեւ դառնում են ավելի ինտենսիվ»:
Գործադիրի ղեկավարի համոզմամբ, «արագ փոքրացող աշխարհում ազգերի միջեւ շփումները ենթադրում են, որ մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք լեզուներին: ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց օտար լեզուների իմացության»:
ՀՀ վարչապետը նշել է նաեւ, որ այսօր առաջ են գալիս ազգային ինքնության խնդիրները, քանզի ազգերի զարգացումը հանգեցնելու է նրան, որ փոքրաթիվ ազգերը հաջողության հասնելու համար պետք է բազմաթիվ լեզուներ սովորեն եւ միեւնույն ժամանակ ամուր լինեն իրենց ինքնության մեջ:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարության կարեւորագույն թիրախներից մեկը կրթությունն է, քանզի 21-րդ դարը կրթված, բանիմաց մարդկանց դար է լինելու:




























