Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը, ով հայտնի է Տալլինում գտնվող խորհրդային զինվորին նվիրված հուշարձանը տեղափոխելու որոշումով, նորից սկսել է քննարկել հուշարձանների թեման։ «Эхо Москвы» ռադիոկայանի հաղորդմամբ, այս անգամ նա քննադատել է Նարվիի իշխանությունների նախաձեռնությունը՝ քաղաքում տեղադրելու Պետրոս Առաջինի արձանը։
Այն տեղադրելու առաջարկով հանդես էր եկել քաղաքային վարչության ղեկավար Միխայիլ Ստալնուխինը, ով կարեւոր է համարել արձանի տեղադրումը ռուսախոս քաղաքի համար։ Սակայն վարչապետը, ինչպես պարզվեց, այլ կարծիքի է։
Վարչապետը ռուս կայսրին անվանել է մարդասպան եւ դահիճ ու հայտարարել, որ նրա հուշարձանը էստոնական հողի վրա տեղ չունի։ «Ես հիմքեր չունեմ հարգելու Պետրոս Առաջինին, Նա արտաքսել է մարդկանց իմ հայրենի քաղաք Տարտուից եւ ես կարծում եմ, որ Նարվիի բնակիչները եւս պատճառ չունեն շնորհակալ լինելու նրան»,-հավելել է Էստոնիայի վարչապետը։




























