Գաղափարախոսական տեսանկյունից պետությունների ներքին գործերին միջամտելը արարք է, որ արժանի է դատապարտման, սակայն Լիբիայի դեպքում ստացվում է, որ մի ողջ ժողովուրդ տառապում է բռնապետի ձեռքում, ով սեփական ժողովրդի սպանդն է իրականացնում, եւ դա պետք է ինչ-որ կերպ դադարեցնել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Երեւանի պետհամալսարանի դասախոս, արաբագետ Երվանդ Մինասյանը` մեկնաբանելով իրավիճակը ԼԻբիայում:

Մինասյանի խոսքով, միջազգային հանրությունն անհրաժեշտ համարեց միջամտել Լիբիայի ներքին գործերին, եւ որպես արդարացման փաստ նշեց Քադաֆիի կողմից սեփական ժողովրդին ոչնչացնելու փաստը:

Միաժամանակ փորձագետը բացառել է իրաքյան սցենարի հնարավորությունը, քանի որ, իր խոսքով, դրանցում տարբերություն կա. «Իրաքի դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր բանաձեւով թույլատրեց ոչ միայն ռազմական միջամտությունը, այլեւ երկրի վարչական գործերին մասնակցությունը: Լիբիայի դեպքում ընդունվել է ռազմաօդային միջամտության, թռիչքների ազատ գոտու ապահովման մասին բանաձեւ»:

Մինասյանի խոսքով, կետային հարվածներ հասցնելը կդադարի միայն այն ժամանակ, երբ Քադաֆին դադարեցնի սեփական ժողովրդի սպանդը:

Ինչ վերաբերում է նավթային գործոնին, ըստ Մինասյանի, տվյալ դեպքում նավթը զգալի դեր է խաղում. «Նույն գերտերությունները որեւէ կերպ չարձագանքեցին Բահրեյնի եւ Եմենի իրադարձություններին, բայց Լիբիայի դեպքում անհանգստացան»,- նշել է փորձագետը: