Պարզելու համար, թե որքա՞ն գումար են պատրաստ ծախսել հայ կանայք իրենց գարնանային պահարանը թարմացնելու համար եւ թե որքա՞ն են հասցրել արդեն իսկ ծախսել, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց իգական սեռի մի շարք երեւանցիների հետ։
Ինչպես նշեցին նրանցից մի քանիսը, գարնանային թարմ հագուստներ ձեռք բերելու համար իրենք նախատեսում են ծախսել միջինը 100-120 հազար դրամ, ոմանք էլ առավելագույն շեմը համարեցին ճիշտ դրա կեսը։
Գրասենյակային աշխատող Արմենուհին, օրինակ, ասաց. «Իմ համեստ հաշվարկներով, 100 հազար դրամը գարնանային պահարանը թարմացնելու համար չի բավարարի։ Եթե հաշվի առնենք, որ միջին կարգի տաբատն արժե 10-15 հազար դրամ, քիչ թե շատ որակյալ կոշիկները սկսում են 10 հազար դրամից, դրան գումարած բլուզներ, պայուսակ, բիժուտերիա եւ աքսեսուարներ, ապա 100 հազարն, իրոք, շատ քիչ է։ Սա նվազագույն շեմն է, որովհետեւ չես կարող բավարարվել մեկ տաբատով, պետք է գնես առնվազն երկուսը, նույնը կարելի է ասել նաեւ մնացած հագուստների ու կոշիկների մասին»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ կանացի երեւակայությունը եւ լավ հագնվելու ցանկությունն անսպառ են ու շատ հաճախ հակասության մեջ են մտնում դրամապանակի պարունակության հետ։
Հաշվապահ Հասմիկն էլ իր հերթին ավելացրեց, որ ճաշակով հագնվելն իր համար շատ կարեւոր է եւ չնայած բրենդային հագուստներ չի կարողանում գնել, սակայն աշխատում է տեղավորվել 50-60 հազար դրամի սահմաններում։ «Գարնանային շորեր գնելու համար մինչեւ հիմա ծախսել եմ մոտ 30 հազար դրամ, երեւի այդքան էլ դեռ կծախսեմ»,- պատմեց Հասմիկը։
Ուսանողուհի Կարինեն, ով իր խոսքով, աշխատում է նորաձեւությունից հետ չմնալ, ասաց, որ ամեն տարի ձմռան ավարտի հետո ինքը գարնանային շոփինգի համար 100-120 հազար դրամ է առանձնացնում։ «Բայց այս տարի խանութներ գնալու ժամանակ չեմ ունեցել, հասցրել եմ միայն 20 հազար դրամ արժողությամբ մեկ կոշիկ գնել, բայց հարմար պահ ստեղծվելուն պես անպայման գնալու եմ գնումների»։
Դասախոս Մարիան էլ նշեց, որ թե բրենդային եւ թե սովորական խանութներում դժվարանում է իր ճաշակին համպատասխան հագուստ գտնել, այդ պատճառով էլ իր հագուստների մեծ մասն ստեղծում է սեփական ձեռքերով։ «Պահարանիս երկու երրորդ մասը հեղինակում եմ ինքս։ Թելեր, կտորներ եմ գնում ու հետո ինձ համար հագուստներ կարում, բայց դա այնքան էլ էժան չի նստում ինձ վրա»,- ասաց նա։
Բանասեր Լիլիթն իր հերթին հայ կանանց եւ աղջիկներին խորհուրդ տվեց սպասել խանութներում հաճախ կիրառվող զեղչերին եւ իրենց հավանած հագուստները ձեռք բերել առավել հարմար գներով։ «Սա այլընտրանքային տարբերակ է, որը կիրառում եմ միշտ եւ ուրիշներին էլ եմ խորհուրդ տալիս»։
Ծրագրավորող Վարդուհին այն միակ կինն էր, ով նշեց, որ ինքը կափսոսար 100 հազար դրամ տրամադրել նոր հագուստներ գնելուն եւ կբավարարվեր 50 հազար դրամով։





























