Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Էրիկ Ֆուրիեն վրացական իշխանություններին քննադատել է երկրում լրատվամիջոցների ազատության բացակայության եւ ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու անկարողության համար:

Դեսպանի աննախադեպ քննադատությունը հնչել է «Բաց հասարակություն. Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության  մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված զեկույցի շնորհանդեսի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դեսպանի խոսքով, նա ցնցված է լսածով. «Վրաստանին օգնություն ցուցաբերելու Եվրոպական միության բոլոր ջանքերը իզուր են թվում: Բացարձակապես ոչ մի առաջընթաց չկա: Ինչ է մնացել Վրաստանում եվրոպական աժեքներից` բացարձակապես ոչինչ»:

Մասնավորապես դիվանագետին վրոդվեցրել է այն, որ ԶԼՄ-ները Վրաստանում խիստ վերահսկողության տակ են, իշխանությունները խոչընդոտում են քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության նպատակով պրոֆմիությունների ստեղծմանը, իսկ անչափահասներին ձերբակալում են $5 արժողությամբ գրիչ գողանալու համար: «Սա ուղղակի աղետ է: Թվում է խոսքը նեոբոլշեւիկյան պետության մասին է:  Եվրոպան ստիպված կլինի փոխել Վրաստանի նկատմամբ իր քաղաքականությունը»,-հայտարարել է Ֆուրիեն: