ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները LՂ հակամարտության «երկու կողմերին կոչ են անում բանակցային գործընթացի այս կարեւոր պահին կառուցողական լինել իրենց հրապարակային հայտարարություններում»:
Նյու Յորքում այսօր հրապարակած հայտարարությունում համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ նախօրեին ունեցած հանդիպումների մասին տեղեկացնելով՝ նշում են. «Երկու երկրների ԱԳ նախարարները եւ համանախագահները վերահաստատեցին նվիրվածությունը Հիմնարար սկզբունքների վրա հիմնված բանակցություններին եւ քննարկեցին հոկտեմբերի սկզբին համանախագահների` տարածաշրջան կատարելիք այցելությունը: Ինչպես համաձայնեցվել է Մոսկվայում հուլիսի 18-ին, համանախագահները կուղեւորվեն Հայաստան եւ Ադրբեջան` նախապատրաստելու նախագահ Ալիեւի եւ նախագահ Սարգսյանի միջեւ ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում Քիշնեւում առաջարկվող հանդիպումը»:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում հայտարարությունը ծանուցում է նաեւ, որ Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադկեն ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերներ Բեռնար Ֆասիեին եւ Յուրի Մերզլյակովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Անջեյ Կասպրչիկին սեպտեմբերի 24-ին խորհրդակցությունների էր հրավիրել Վաշինգտոն: Համանախագահները հանդիպել են ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Էլիզաբեթ Շերվուդ-Ռանդալի եւ փոխպետքարտուղարի Թինա Քեյդենաուի հետ:




























