Փոլադ Բյուլբյուլօղլու եւ նրա թիմի այցը Լեռնային Ղարաբաղ նշանակում է «ԼՂՀ անջատողական ղեկավարության ճանաչում»։ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է, թե «որքան էլ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները ասեն, որ չեն ընդունում այդ ռեժիմը, նրանք հատել են ճակատի գիծը եւ անցել են այդ տարածք նրանց ռեժիմի թույլտվությամբ, իսկ Բակո Սահակյանը հանդիպում է նրանց հետ շինծու ռեժիմի ղեկավարի կարգավիճակով»: Նաղին նաեւ հավելել է, թե այդ այցը հակասում է Ադրբեջանի շահերին, քանի որ այցն իրականացվում է Ռուսաստանի պատվերով, որը «ցանկացած պահի կարող է ստիպել կողմերին խաղալ իր կանոններով»։

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարն իր հերթին ANS PRESS-ին ասել է, թե այդ այցերը չեն կարող իմաստ եւ նշանակություն ունենալ, քանի դեռ իշխանությունները Ղարաբաղի հակամարտության հարցում պարզ եւ իմաստավորված լուծում չեն գտել։ «Այդ այցերից հայերը ոչ մի առանձնահատուկ բան չեն շահում»,- հավելել է Գամբարը։