Ուկրաինայի նախագահի թեկնածու, երկրի խորհրդարանի նախկին նախագահ Արսենի Յացենյուկը խոստանում է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում նա կձգտի ոչ թե Ուկրաինան դարձնել ԵՄ անդամ, այլ ստեղծել այսպես կոչված «Մեծ Եվրոպայի» նոր միջպետական միավորում` Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրամիության եւ այլ երկրների մասնակցությամբ։

«Իմ նպատակը Եվրամիությունը չէ, իմ նպատակը՝ Մեծ Եվրոպան է։ 46 միլիոն ուկրաինացիները կարող են փրկել ոչ միայն իրենց, այլեւ եվրոպական երկրներին առաջարկել նոր ուղի, որը սահմանափակված չի լինի ԵՄ սահմաններով»,-ասաց Յացենյուկը՝ շաբաթ օրը Յալթայում ելույթ ունենալով «Յալթայան-եվրոպական ռազմավարություն» վեցերորդ միջազգային համաժողովում։

Նրա խոսքով, նոր միջպետական միավորումը կարող է հետճգնաժամային աշխարհում դառնալ առանցքային կենտրոն։ Յացենյուկի կարծիքով, պաշտոնական Կիեւը պետք է նախաձեռնող լինի «Մեծ Եվրոպայի» ստեղծման գործում: Քաղաքական գործիչը նշել է, որ համոզված է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մեջ":

«Ես չեմ ուզում շատ խոսել, այս պատմության մեջ ամեն ինչ պարզ է…Նախագահական մրցավազքը կլինի, իսկ հաղթանակը ես կտանեմ»,-հայտարարել է նա։

«Յալթայան-եվրոպական ռազմավարությունը»՝ անկախ միջազգային կազմակերպություն է, որը միավորում է հայտնի քաղաքական գործիչների, գործարարների, հասարակական գործիչների եւ լրագրողների՝ Ուկրաինայի բարեեփոխման եւ ԵՄ անդամակցելուն աջակցելու համար: Կազմակերպությունը հիմնադրել է ուկրաինացի գործարար եւ բարերար Վիկտոր Պինչուկը։