«Ժառանգություն». Հայաստանում երբեք չի եղել ավելի քրեականացված, կոռումպացված եւ ավելի ցածր մակարդակի խորհրդարան, քան՝ այժմ: Այդ մասին մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` նկատելով, որ լինելով երեք գումարումների Ազգային Ժողովի պատգամավոր, նման ցածր մակարդակ երբեւէ չի տեսել:

Հայտարարությանն արձագանքել է ասուլիսի մյուս բանախոսը` հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը. «Ո՞վ է քրեական աշխարհի ներկայացուցիչ Ազգային Ժողովում: Հրապարակեք ցանկը»:

Ի պատասխան Հակոբյանը նշել է. «Ես չեմ կարող այդքան պատգամավորների անուն ասել: Հանկարծ մեկի անունը չտամ, եւ նա նեղանա… Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գործող խորհրդարանը կոռումպացված է»:

Որպես օրինակ Հակոբյանը բերել է նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառմանը, եւ հավելել է, թե հավատում է, որ երկրի ղեկավարը ցանկանում է իրավիճակը փոխել դեպի լավը, սակայն նման խորհրդարանի պայմաններում դա անիրատեսական է: