Իրանի պաշտոնական աղբյուրները տեղեկացրել են, որ կիրակի օրը երկրի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են միջին՝ 300-ից 700 կիլոմետր հեռահարության «Շահաբ-1» եւ «Շահաբ-2» հրթիռները։

Երկուշաբթի օրը Իրանի զինված ուժերը պատրաստվում են փորձարկել նաեւ «Շահաբ-3» հրթիռները, որոնք, Իրանի պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ, նախատեսված են մինչեւ 2,000 կիլոմետր հեռավորության նշանակետերի դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Իրանցի գեներալ Հուսեյն Սալամին հայտարարել է. «Այս փորձարկումները ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է կանխել ցանկացած ռազմական սպառնալիք այլ երկրների կողմից»

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Պիտսբուրգում (ԱՄՆ) գումարված «G-20»-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները հանդես էին եկել համատեղ խիստ հայտարարությամբ, որով Իրանին մեղադրել էին գաղտնի կերպով ուրանի հարստացման նոր գործարան կառուցելու համար։ Եռյակը պահանջել է Իրանից խստորեն հետեւել միջուկային զենքի չտարածման միջազգային օրենքներին եւ քայլեր ձեռնարկել՝ իր նկատմամբ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու համար։

Հոկտեմբերի 1-ին նախատեսվում են «Մեծ վեցնյակի» քննարկումներ՝ Իրանի միջուկային ծրագրի հարցով։