Միջազգային կոալիցիայի ուժերը մարտի 24-ի գիշերը նոր օդային հարվածներ են հասցրել Լիբիայում: Դրանք հասցվել են Տրիպոլիի «ռազմական եւ քաղաքացիական օբյեկտներին», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Լիբիայի պետական հեռուստատեսությունը:
Daily Telegraf թերթը հաղորդում է, որ թիրախներից մեկը եղել է Բաբ ալ-Ազիզիա զորանոցները, որի տարածքում գտնվում է Մուամար Քադաֆիի նստավայրն ու բունկերը: Զորանոցների վրա առաջին հարվածները հասցվել են դեռ անցած շաբաթավերջին:
«Բացի այդ, ռմբակոծման են ենթարկվել Տրիպոլիի վառելիքի պահեստարանը, ռազմակայաններից մեկը: Գիշերը Տրիպոլիում լսելի էր, թե ինչպես են ՀՕՊ ուժերը կրակում կոալիցիայի օդանավերի վրա»,- նշում է BBC-ն:
Հաղորդվում է, որ մայրաքաղաքի արեւելյան շրջաններում 8 պայթյուն է որոտացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելում է միայն ցամաքային ներխուժումը Լիբիայի տարածք:
Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:
Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։





























