Չինաստանի տնտեսությունը առաջիկա 20 տարվա ընթացքում հնարավոր է 8 տոկոս ամենամյա աճ գրանցի, ինչի արդյունքում այդ երկրի տնտեսության չափերը երկու անգամ կգերազանցեն ներկայումս աշխարհի ամենախոշորը համարվող ԱՄՆ-ի տնտեսությանը։ Forex News-ի փոխանցմամբ նման կանխատեսում է արել Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Ջասթին Լինը: Նա նշել է, որ Չինաստանը կշարունակի զարգացնել իր առավելությունը՝ ներդնելով զարգացած երկրների գաղափարներն ու տեխնոլոգիաները ավելի փոքր ռիսկայնությամբ եւ իր համար անհամեմատ ավելի ցածր արժեքով։

Վերջին 10 տարում Չինաստանի տնտեսությունը միջինն աճել է տարեկան 10 տոկոսով, ինչի արդյունքում այն առաջ է անցել Գերմանիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի տնտեսություններից։

Նշենք, որ Ջասթին Լինը Պեկինի տնտեսական հետազությունների չինական կենտրոնի հիմնադիրն է, իսկ 2008 թվականից Համաշխարհային բանկում զբաղեցնում է գլխավոր տնտեսագետի պաշտոնը։