Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրական օրենսդրության փոփոխությունների կոալիցիոն նախագիծը:
Մեկ այլ քվեարկությամբ, խորհրդարանականները մերժել են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների Դաշնակցության ներկայացրած օրինագիծը:
Բարեփոխումների կոալիցիոն նախագիծը նախատեսում է, որ ԿԸՀ-ն պետք է ընտրություններից մեկ օր առաջ հրապարակի ընտրողների թիվը: Բացի այդ, ԿԸՀ-ն պետք է եղած ողջ տեղեկատվությունը հրապարակի կայքում: Փաստաթուղթը նաեւ պահանջում է պետական եւ տեղական սրահները անվճար հիմունքներով հատկացնել քարոզչություն իրականացնելու համար: Կարգավորվում է բարեգործությունը ընտրությունների փուլում: Այսպես, արգելվում է քարոզարշավի փուլում այն բարեգործական կազմակերպությունների գործունեությունը, որոնց անվանումը հիշեցնում է քաղաքական կուսակցություններին:
Օրինագիծը սահմանափակում է քաղաքական գովազդի գինը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով:
Հաջորդ նորամուծությունն այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 «պրոֆեսիոնալներից», որոնց նշանակելու է նախագահը 5 տարի ժամկետով: Թեկնածուներին առաջադրելու են օմբուդսմենը, փաստաբանների պալատի եւ վճռաբեկ դատարանի նախագահները:





























