ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ներկայում Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ են վարվում «բավական էական» առեւտրային գործարք կնքելու շուրջ, տեղեկացնում է BBC News-ը։
Երկկողմ գործարքը, որը նախատեսվում է կնքել Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ից նրա դուրս գալուց հետո, կարող է հանգեցնել «3, 4, 5 անգամ» առեւտրաշրջանառության ավելացմանը, ասել է ԱՄՆ նախագահը։
Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփն ասել է, որ նոր վարչապետը «հիանալի» է լինելու։
Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ ԱՄՆ նախագահն ասել են, որ պաշտոնական բանակցությունները կսկսեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո «որքան հնարավոր է շուտ»։
ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ անցյալում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրին «խանգարել» է Բրիտանիայի անդամակցությունը ԵՄ-ին։
Քանի դեռ Մեծ Բրիտանիան գտնվում է ԵՄ կազմում, իրավունք չունի ինքնուրույն առեւտրային գործարքներ կնքել։ ԵՄ-ից երկրի դուրս գալը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 31-ին։
Նրա խոսքով՝ բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ԱՄՆ-ի հետ առեւտրային հարաբերությունների զգալի աշխուժացում ակնկալել։



























