Գերմանիայում՝ Բունդեսթագի ընտրություններում ընտրողների 33,8 տոկոսով հաղթանակ է տարել Քրիստոնյա-ժողովրդավարական դաշինքը, որ ղեկավարում է կանցլեր Անգելա Մերկելը: Այսպիսով, քրիստոնյա-ժողովրդավարները ստացան բավական թվով տեղեր խորհրդարանում՝ ազատական ժողովրդավարների հետ իշխող կոալիցիա ստեղծելու համար:

Ինչպես հաղորդում է AFP-ն, Մերկելին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Նիկոլյա Սարկոզին, նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը: Նրանք հետագա սերտ համագործակցության հույս են հայտնել:

Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ 23 տոկոս է հավաքել Գերմանիայի Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը՝ արտգործնախարար Վալտեր Շտայնմայերի գլխավորությամբ: «Ազատական ժողովրդավարական կուսակցությունը» ստացել է ձայների 14,6 տոկոսը, «Միություն 90/ Կանաչներ» դաշինքը՝ 10,7 տոկոսը, «Ձախերը»՝ 11,9 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 70,8 տոկոս: