Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներն են կլիմայական փոփոխությունները, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը, ԵԽ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽ պաշտոնական կայքէջից:

Նստաշրջանի ժամանակ հանդես կգա Սլովենիայի նախագահ Դանիլո Տյուկը, իսկ ԵԽ ապագայի վերաբերյալ հարցի քննարկումներին, առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Պիեռ Լելուշը: Վեհաժողովը կքննարկի 72 պատվիրակների կողմից առաջ քաշված Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վերանայման հարցը: Այլ խնդիրների շարքում է առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի արձանագրություն մշակելու կոչը, Մոնակոյի նկատմամբ մոնիտորինգը դադարեցնելու առաջարկությունը, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասում իրավապաշտպանների վիճակի հարցը:

Նստաշրջանի սկզբում, ԵԽ Նախարարների կոմիտեի անունից հանդես կգա Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Ժբոգարը: