Եթե Լիլիթի հասցեին այդքան գեղեցիկ խոսքեր շռայլող մարդիկ նույնքան շռայլ լինեին նրա կենդանության օրոք, գուցե նա ողջ լիներ, եթե նրա պատվին ծաղկեպսակ բերած հարազատներից ու ընկերներից յուրաքանչյուրն օրական մեկ ծաղիկ նվիրեր նրան եւ հետաքրքրվեր, թե ինչո՞ւ է տրամադրությունն ընկած ու չի ժպտում, Լիլիթին այսօր ողջերի մեջ կփնտրեին: Այս եզրահանգումն արեցինք`մասնակցելով երիտասարդ աղջկա հուղարկավորության արարողությանը: Մենք էլ մեզ բռնացրինք այն մտքի վրա, որ ինքներս էլ հաճախ անտարբեր ենք մեր կողքին գտնվողի ու նրա խնդիրների նկատմամբ եւ մտքներովս չի անցնում, որ մեր թեթեւ ուշադրությունն ու կարեկցանքը կարող է մարդուն հետ պահել շատ-շատ ծայրահեղ արարքներից:
Լիլիթ Դավթյանը 19 տարեկան էր, Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի, բնակվում էր Երեւան քաղաքի Դանիել Վարուժանի թաղամասում, ընտանիքի միակ երեխան էր:
Նա այդքան երիտասարդ տարիքում որոշել է կյանքին վերջ տալ` դիմեդրոլ դեղամիջոցի մեծ չափաբաժին ընդունելով: Ընկերները, հարազատները, հարեւանները ու նրան ճանաչողները Լիլիթի կորուստը սգում էին նրան տալով հետեւյալ հարցը` «բայց ախր ինչի՞ նման բան արեցիր»: Լիլիթը չի կարող նրանց հարցին պատասխանել, բայց երբ ողջ էր, իր պահվածքով շրջապատին հուշել էր, որ իր մոտ ինչ-որ բան այն չէ, որ տխուր է, տրամադրություն չունի եւ կյանքը դատարկ ու անիմաստ բան է համարում: «Լիլիթը շատ կենսուրախ աղջիկ էր, լավ էր սովորում, սիրուն էր, որեւէ խնդիր չուներ ոչ տանը, ոչ էլ ընկերական շրջապատում: Բայց վերջին շրջանում ինքնանմփոփ էր դարձել, տրամադրություն չուներ, չես հասկանում ինչ էր հետը կատարվում»,-NEWS.am-ի թղթակիցների հետ զրույցում ասաց Լիլիթի հարազատներից մեկը: Նա, սակայն, չի հետաքրքրվել Լիլիթի խնդիրներով, չի փորձել հասկանալ, թե ինչն է երբեմնի կենսուրախ աղջկա ընկճվածության պատճառը:
Այն, որ Լիլիթը միշտ աչքի է ընկել իր կենսուրախ վարքուբարքով, պնդում էին նաեւ նրա համակուրսեցիները, ինչպես նաեւ նրա Հայոց լեզվի դասախոսը, ով Լիլիթի հետ տեղի ունեցածը մատնանշելով` կոչ արեց իր ուսանողներին. «Կյանքը լի է վայրէջքներով, վերելքներով, բա կարելի՞ է նման քայլի դիմել: Երբեք չհամարձակվեք նման քայլի դիմել»:
Լիլիթի որոշումը` վերջ տալ կյանքին, անխոս ամենաշատը վշտացրել է նրա մորը, ով դստերը հողին հանձելուց առաջ անպատասխան երկխոսության մեջ էր մտել նրա հետ: «Ի՞նչը քեզ դրդեց նման քայլի, եթե խնդիր ունեիր, գայիր ինձ ասեիր, կիսվեիր: Ինչո՞ւ այդ քայլին գնացիր, գոնե մի գրություն թողնեիր, թե ինչու ես նման քայլի դիմել: Ես եմ մեղավոր, որ չեմ նկատել, թե ինչ է հետդ կատարվում…»:
Լիլիթին այսօր` մարտի 24-ին հողին հանձնեցին, սակայն նրա ինքնասպանության պատճառները հողի երեսին են, որոնք մի օր գուցե պարզվեն, կամ էլ չպարզվեն ընդհանրապես:
Ի դեպ, Լիլիթ Դավթյանին դասավանդում էր «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Նա իր բլոգում հետեւյալ գրառումն է արել. «…Դասից ընդամենը 10 րոպե էր անցել, երկու ուսանողուհիներ ներս մտան ու… Լաց էին լինում, մի կերպ կարողացան ասել. «Լիլիթը… Դավթյան Լիլիթը…»: Երկու ամիս էլ չկա դաս եմ տալիս էս խմբին ու միանգամից չկարողացա հասկանալ, թե ում մասին է խոսքը… Հետո…
Հետո ամբողջ լսարանը լաց էր լինում …Ախր էդ ո՞նց, ո՞նց կարող էր էդքան կենսուրախ աղջիկը հանկարծ ինքնասպասնություն գործել՝ դեղի մեծ դոզա ընդունելով… Ի՞նչը կարող էր տասնինը դեռ չբոլորած աղջկան մղել էդ քայլին… Իմ ուղեղում էլ չի տեղավորվում… Համակուրսեցի Ավետիսյան Սոնան հետո հուսահատ կպոռթկա. «Ինքնասպանությունը ուժեղ մարդկանց քայլ է. ուրեմն թող այս կյանքում միայն թույլեր ծնվեն»: Ու ես համաձայն կլինեմ իր հետ… Էսօր` համաձայն կլինեմ: Էսօր` 2011 թվականի մարտի 23-ի ծանր օրը…»:
Ի դեպ, սոցիալական ցանցերից մեկում գրանցված իր էջում Լիլիթը նկար է տեղադրել, որի վրա հոռետեսական բնույթի գրառում կա. «Երբեմն քեզ թվում է, որ կյանքը սխալմունք է…Բայց բոլորը թքած ունեն…դու մենակ ես, ընդմիշտ»:
Հ.Գ. Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աճել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` 2010 թ. Հայաստանում գրանցվել է 592 նման դեպք՝ 18,9 տոկոսով ավելի, քան 2009 թվականին։ Դրանցից 225-ը ինքնասպանություններ են, 367-ը՝ ինքնասպանության փորձ։ Ինքնասպանությունների փորձ առավելապես կատարել են 18-29 եւ 30-65 տարիքային խմբերում։ Ընդ որում՝ 18-29 տարիքային խմբերում ինքնասպանության փորձերն աճել են 39 տոկոսով։
Ընդամենը օրեր առաջ Երեւանում ինքնասպանության երկու դեպք էր արձանագրվել. երկուսն էլ երիտասարդ տարիքի էին:

Հեղինե Մանուկյան, Մարիա Ասատրյան





























