ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատ Էլիոթ Էնգելը պալատին կոչ է արել քննություն սկսել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտնելու համար՝ կապված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի քննության ժամանակ Թրամփի կողմից արդարադատության ենթադրյալ խոչընդոտման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահը չարաշահել է իր լիազորությունները՝ փորձելով խափանել իր քարոզարշավին Ռուսաստանի մասնակցության պատճառով օրինական քննությունը… Ամերիկացիները ցանկանում են ճշմարտությունն իմանալ եւ արժանի են դրան: Մյուլլերի ցուցմունքները լիարժեք վկայություն են տվել, որ նախագահը խոչընդոտել է արդարադատության իրականացմանը, եւ ես կարծում եմ, որ Ներկայաուցիչների պալատը պետք է պաշտոնական քննություն սկսի իմփիչմենթի համար»,- նշված է Էնգելի հայտարարության մեջ:

Գրեթե երկու տարի Մյուլլերը քննել է ընտրություններին «ռուսական միջամտության» վերաբերյալ ենթադրությունները, որը Մոսկվան հերքում է: Քննության արդյունքներով Մյուլլերը հաստատել է միջամտության մեղադրանքները: Միաժամանակ, ընտրություններում հաղթած Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ «համաձայնության» վկայություններ չի գտել, ինչի առկայությունը հերքել են ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը:

Մյուլլերը նաեւ հասել է Թրամփի նախկին 7 աշխատակիցների դեմ մեղադրական դատավճիռների, չնայած մեղադրանքներն ուղղակիորեն կապված չէին քննության հիմնական թեմայի հետ: Քննությամբ մեղադրանք է ներկայացվել ավելի քան 30 անձանց, ներառյալ ՌԴ մի շարք քաղաքացիների: Մյուլլերը նաեւ ուսումնասիրել է այն հարցը, թե արդյոք նախագահ Թրամփը քննության ընթացքում արդարադատությանը խոչընդոտե՞լ է, եւ միանշանակ եզրակացության չի հանգել: Քննության արդյունքներով գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ արդարադատության խոչընդոտում չի եղել: Թե՛ Մյուլլերը, թե՛ Բարը հաստատել են ԱՄՆ արդարադատության նախարարության վաղեմի դիրքորոշումը, որ ըստ Սահմանադրության՝ գործող նախագահին ամեն դեպքում չի կարելի առաջադրել քրեական մեղադրանքներ: