Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, եւ ընդհանրապես, հայության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման գործընթացը Հայաստանում ներքաղաքական արմատական զարգացումների առիթ չի դառնա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Նիկոյանը:
«Իհարկե, բուռն բանավեճեր կընթանան, որոնց ընթացքում չեն բացառվում արմատական դրսեւորումները, ինչպես օրինակ՝ ՀՅ Դաշնակցության կազմակերպած հացադուլը կամ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները, բայց այդ ակցիաները չեն հանգեցնի երկրում գլոբալ լարվածության, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կամ ղարաբաղյան հարցը կարգավորելու երկրորդ այդպիսի հնարավորություն կարող է ընձեռնվել մեկ էլ հարյուր տարի անց: Ընդհանրապես, երրորդ հանրապետության պատմության ընթացքում հայ ժողովրդին նման հնարավորություն չի ընձեռնվել: Շատերը զուգահեռներ են տանում ներկայի եւ 1996թ. միջեւ, երբ գործընթացները պտտվում էին ղարաբաղյան հարցի շուրջ եւ հանգեցրին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Բայց անցյալի եւ ներկայի միջեւ հսկայական տարբերություն կա. Եթե 1996թ. խոսքը գնում էր միայն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու մասին, այժմ խոսքը գնում է Լեռնային ղարաբաղին անկախություն տալու մասին»,- հայտարարեց Նիկոյանը՝ բացառելով վերջին գործընթացների համատեքստում հանրության բեւեռացման հնարավորությունը: Ընդ որում, փոխխոսնակն ընդգծեց, որ չի կարելի կանգ առնել ձեռքբերվածի վրա եւ կարծել, թե ամեն ինչ «OK» է: «Անհրաժեշտ է հիմքում ընդունել մեզ համար շահավետը եւ փորձել նոր արդյունքներ նվաճել»,- հայտարարեց Նիկոյանը:




























