Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Փոլուխովը մեկնաբանել է Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը, որտեղ նրանք երկու կողմերին կառուցողականության կոչ են անում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը մեր տարածաշրջան նախատեսված է հոկտեմբերի սկզբին, որի հիմնական նպատակը Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակ մշակելն է: Համանախագահները կատարում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանձնարարությունը` Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակ մշակելու վերաբերյալ եւ այդ նպատակով Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկումներ տեղի կունենան»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հիմնական ջանքերը հիմա ուղղված են հենց դրան, քանի որ մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակի քննարկումները թույլ կտան պայմանավորել բանակցությունների հետագա ընթացքը: Հնարավոր է, որ միայն փաստաթղթի նոր տարբերակի ընդունումից հետո օրակարգում ընդգրկվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Քիշնեւում կայանալիք հանդիպման նախապատրաստության հարցը",- իր խոսքն է ամփոփել Փոլուխովը: